Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
Ջամայկայի կառավարությունը նախատեսում է մինչև 2025 թվականի համընդհանուր ընտրությունները բարեփոխումներ իրականացնել՝ բրիտանական միապետ Չարլզ III-ի անվանական իշխանությունից դուրս գալու և հանրապետություն դառնալու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Independent թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ջամայկայի փոխարտգործնախարար Ալանդո Տերելոնգը՝ հույս հայտնելով, որ մինչև մինչև նշված ժամանակահատվածը կավարտեն բարեփոխումները և կազատվեն բրիտանական միապետից՝ որպես Ջամայկայի ժողովրդավարության ղեկավարի։
«Մենք պարտական ենք մեր Սահմանադրությունը կազմողներին, մեր ազգային հերոսներին, որպեսզի Ջամայկան այժմ իսկապես ազատագրված և անկախ լինի», - ավելացրել է նա:
Ինչպես նշել է աղբյուրը, վկայակոչելով իրավական և սահմանադրական հարցերի նախարարին, հանրապետություն դառնալու համար Ջամայկան պետք է սահմանադրության նոր նախագիծ ներկայացնի տեղական խորհրդարանի երկու պալատների հաստատմանը, որից հետո երկրի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե կանցկացվի։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր Ջամայկան միակ երկիրն է, որը պաշտոնապես գտնվում է բրիտանական միապետի իշխանության ներքո, բայց նրա բնակիչները ստիպված են վիզա խնդրել Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար:
Ջամայկայի Սահմանադրության համաձայն՝ երկրի գործադիր իշխանությունը բրիտանական միապետի անունից իրականացնում է գլխավոր նահանգապետը, ում թեկնածությունը միապետին ներկայացնում է վարչապետը։
Կարծիքներ