ԱՄՆ-ն օգտագործում է հետախուզական ԱԹՍ-ներ Գազայում պատանդներ որոնելու համար
ԱՄՆ-ն օգտագործում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդներին որոնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ պատանդների որոնողական աշխատանքները շարունակվում են առնվազն մեկ շաբաթ։ ԱՄՆ վարչակազմը, ըստ Reuters-ի, կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների Իսրայել մտնելուց հետո անհետ կորած 10 ամերիկացի քաղաքացիներ կարող են լինել պաղեստինյան արմատական շարժման զինյալների կողմից պահվող ավելի քան 200 պատանդների թվում։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ իշխանությունները կողմ են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունների մի շարք դադարների ապահովմանը։
Նրա խոսքով, դա անհրաժեշտ է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու և մարդկանց, այդ թվում պատանդների անվտանգ հեռացումն ապահովելու համար:
Կարծիքներ