Հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման ՌԴ փորձի ուսումնասիրմամբ. Խոջոյան
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թ․ կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թ․ աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։
Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։
Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։
Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։
Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։
Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուսական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։
Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ փոխգործակցության լայն հնարավորությունները։
Կարծիքներ