Բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը․ Գարեգին Բ-ն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին
Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Նույն օրը առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը:
Այնուհետև տիար Ֆրանսուա-Քսավիե Բելամին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը զատկական բարեմաղթանքների և օրհնության համար՝ ընդգծելով, որ ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան և մեծ պատիվ է համարում լինել հինավուրց քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը հարության հաղթական արժեքների կրող է:
Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձավ այցի նպատակներին՝ ծանոթանալ հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։
Վեհափառ Հայրապետը նշեց, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար, մեր երկրի և մեր ժողովրդի համար, որպեսզի այս ծանր վիճակից կարողանա դուրս գալ՝ հարության խորհուրդը աչքերի առջև ունենալով, ապավինելով Աստծուն, նախնյաց հավատքին, որ դարեր շարունակ մեզ դուրս է բերել բոլոր դժվարին իրավիճակներից և օրհնությունն ու ողորմությունն ավելացրել հայոց կյանքում:
Կարծիքներ