33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար:
Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության խեղմամբ և Արցախի ժողովրդագրական պատկերի նպատակաուղղված փոփոխման քաղաքականությամբ, ինչի մասին բացեիբաց տարբեր ժամանակաշրջաններում հայտարարել էին հենց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեց և կիրառվեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի լիարժեք հայաթափմանը:
Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ և այդ տարածքների հայկական ինքնության ոչնչացման փորձերով:
33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները, իրենց բոլոր ձեռքբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը»:
Կարծիքներ