Թրամփը խոսել է Պուտինի հետ՝ հորդորելով նրան չէսկալացնել իրավիճակն Ուկրաինայում

Թրամփը խոսել է Պուտինի հետ՝ հորդորելով նրան չէսկալացնել իրավիճակն Ուկրաինայում

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին։Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։

Պուտինը և Թրամփը զրուցել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո առաջին անգամ։  Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։

Թրամփը և Պուտինը նաև քննարկել են Եվրոպայում խաղաղությունը։ «Թրամփը հետաքրքրվածություն է հայտնել հետագա զրույցներ ունենալ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը», - հավելել են լրատվամիջոցի աղբյուրները։ 

Ըստ CNN-ի կողմից ներկայացված վերջին տվյալների՝ նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 312 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։

Նրա համար քվեարկել է 74,5 միլիոն մարդ: Դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ապահովել է ընտրիչների 226 ձայն։ Նրա համար քվեարկել է 70,8 միլիոն ընտրող։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում