Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Օմսկի մարզի գործարարների պատվիրակությանը

Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Օմսկի մարզի գործարարների պատվիրակությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից գործարար այցով Շիրակի մարզ այցելած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Օմսկի տարածաշրջանի փոքր բիզնեսի աջակցման և զարգացման պետական հիմնադրամի համատեղ ջանքերով։

 

Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է այսօրինակ այցելություններն ու հանդիպումները:

«Բարի գալուստ Շիրակի մարզ, շատ ուրախ եմ ողջունելու ձեզ մեր մարզում։ Շիրակը մինչ երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, իսկ Գյումրին արտադրանք է թողարկել, որի պահանջարկը զգացվել է խորհրդային բոլոր հանրապետություններում։ Հիմա մեզ մոտ, իհարկե, որոշակի դրական տեղաշարժ կա, և նկատվում է թեթև ու սննդի, վերամշակող արդյունաբերության զարգացում, սակայն անելիքներ ու չօգտագործված ներուժ կա, որն իրացնելու համար այսպիսի հանդիպումներն անհրաժեշտություն են։ Ես, որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ՝ պատրաստ եմ աջակցելու հնարավորությունների սահմաններում և ուրախ կլինեմ, եթե այս հանդիպումը դառնա գործնական քայլերի մեկնարկի նոր ուղի»,- ասել է նա։

 

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել իրենց գործունեության բնագավառները։ Կողմերը կարևորել են գործարարների ապակենտրոնացված շփումների սերտացումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը։

 

Նազելի Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ հաճախակի շփումները կբերեն գործարար կապերի աշխուժացման, և վստահեցրել, որ այդ առումով Շիրակի մարզպետարանը պատրաստ է դառնալ կապող օղակ կողմերի միջև։

 

 

Նշենք, որ պատվիրակությունը Հայաստանում կլինի մեկ շաբաթ: Նախատեսվում է շնորհանդեսների անցկացում, որոնց ժամանակ կներկայացվեն Հայաստանի և Օմսկի մարզի արտահանման ներուժը, կլինեն գործարար բանակցություններ ու բիզնես հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ մի շարք առաջատար ոլորտային ձեռնարկություններ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում