Մոլդովան չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների․ Դոդոն
Մոլդովան չի գոյատևի առանց Ռուսաստանի Դաշնության հետ լավ գործընկերային հարաբերությունների, երկրին անհրաժեշտ են էներգետիկ ռեսուրսներ և ռուսական շուկան։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախկին նախագահ, սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։
«Ես միշտ հանդես եմ եկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության օգտին, երբեք չեմ մերժել և երբեք չեմ հրաժարվել», - ընդգծել է Դոդոնը:
Որպես օրինակ՝ նա վկայակոչել է տվյալներ խնձորի բերքի մասին։ Այս տարի Մոլդովայում, նախնական հաշվարկներով, կհավաքվի 400-500 հազար տոննա խնձոր, որը, նրա կարծիքով, վաճառելու տեղ չկա, բացի ԱՊՀ-ից և մասնավորապես Ռուսաստանից։
Նա ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Մոլդովայում քաղաքական կուսակցությունները պետք է լինեն ոչ թե ռուսամետ կամ եվրոպամետ, այլ մոլդովամետ և քաղաքականություն վարեն՝ հաշվի առնելով իրենց երկրի կենսական շահերը։
Կարծիքներ