Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում քննարկվել են համագործակցության ոլորտային հարցեր

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում քննարկվել են համագործակցության ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստին և դրան հաջորդած գործարար համաժողովին:

Նիստի շրջանակում, ի թիվս տնտեսական համագործակցության այլ հարցերի, քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձել է երկկողմ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես կարևորելով STEM (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) բնագավառում երկու երկրների առաջատար կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների ընդգրկմամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Նա կարևորել է նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում և Չեխիայում մշակույթի օրերի անցկացումը: Հայկական կողմն առաջարկել է 2023-2024 թվականներին Չեխիայում դիտարկել Ա. Խաչատրյանի 120-ամյակին, հայկական կինոյի, Ս. Փարաջանովի և Շ. Ազնավուրի 100-ամյակներին նվիրված միջոցառումների կազմակերպումը:

Չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միմյանց տեղեկացնել գիտության, տեխնոլոգիաների և նորարարության հետ կապված կարևորագույն միջազգային փառատոների, գիտաժողովների և սեմինարների մասին: Քննարկվել է Չեխիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման հարցը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, միջպետական կրթաթոշակների տրամադրման ծրագրերին:

Նիստի շրջանակում ստորագրվել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը, որում տեղ են գտել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և գիտության ոլորտների հարաբերությունների զարգացմանն ուղղված կետեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում