Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը:
«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզում։ Փառատոնին մասնակցում են Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Խնձորեսկ, Շինուհայր գյուղերում գործող 12 երգչախմբեր։
Փառատոնի պատվավոր հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
«Երգով ու սիրով» փառատոնի նպատակն է զարգացնել մանկապատանեկան երգչախմբային արվեստը Սյունիքի մարզում, խթանել նոր երգչախմբերի ստեղծումը, կատարելագործել գործող երգչախմբերի մասնագիտական հմտությունները:
Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը: Այնուհետև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:
Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնի գլխավոր համերգը` Սյունիքի 12 երգչախմբերի մասնակցությամբ: Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճի բեմում էին Գորիսի թիվ 1, Կապանի թիվ 1, Կապանի թիվ 2, Կապանի թիվ 3, Կապանի արվեստի մանկական, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի երաժշտական դպրոցների, Տաթևի «Զանգակներ», Կապանի արվեստի պետական քոլեջի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը:
Փառատոնի շրջանակում Արցախի Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ալվինա Բաղդասարյանը և դպրոցի երգչախումբը՝ խմբավար Զարինե Մուսայելյանի ղեկավարությամբ, խորհրդանշական մասնակցությամբ՝ տեսաուղերձով ողջունել են «Երգով ու սիրով» փառատոնի մասնակից երգչախմբերին։ Տեսաուղերձը մայիսի 9-ի՝ փառատոնի կենտրոնական համերգի ընթացքում հնչեցվել է մեծ տեսապատկերի տեսքով, ինչը ջերմ արձագանք է գտել ունկնդիրների և մասնակից խմբերի կողմից։
Հաջորդիվ՝ մայիսի 10-ին, Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:
Կարծիքներ