Արգենտինայի բնակիչներին խնդրել են չծիծաղել եւ չերգել առանց դիմակների
Արգենտինայի բնակիչները պետք է զգույշ լինեն և չփորձեն ծիծաղել, բղավել ու երգել առանց պաշտպանիչ դիմակների։ Այս մասին խնդրել է Արգենտինայի առողջապահության փոխնախարար Կարլ Վիցոտին, փոխանցում է Infobae-ն։
Նա ընդգծել է, որ օգոստոսի 26 — ին երկրում գրանցել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ՝ 10 550 դեպք: Սա համաճարակի ամբողջ ընթացքում ամենամեծ ցուցանիշն է, ընդգծել է Վիցցոտին։ Նա նշել է, որ Արգենտինայի քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն պաշտպանական միջոցները՝ հիվանդացության աճը կանխելու համար։
«Մենք պետք է խուսափենք ռիսկային գործողություններից, հատկապես փակ տարածքներում, որտեղ մարդիկ գտնվում են իրար մոտ։ Պետք չէ երգել, բարձրաձայն խոսել, ծիծաղել, բղավել առանց դիմակների, եւ առավել եւս պետք չէ փռշտալ»:
Փոխնախարարի կարծիքով՝ Արգենտինայում կհաջողվի խուսափել համաճարակի բռնկումից, եթե մարդիկ պահպանեն կանոնները: Վերջին տվյալներով՝ երկրում ավելի քան 370 հազար վարակակիր կա։ Աշխարհում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի թիվը գերազանցել է 24 միլիոնը։ Ամենաշատ մահացածներն ԱՄՆ-ում են (179 հազար), Բրազիլիայում (116 հազար) եւ Մեքսիկայում (61,4 հազար): Արգենտինան 11-րդն է։
Կարծիքներ