Բռնցքամարտի ընտրանին սկսել է մարզումները Սերբիայում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ընտրանին հանգրվանել է Բելգրադի «Կրովեն Պլազա» հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվող «Ստարկ Արենայի» դահլիճում: Հենց «Ստարկ Արենայում» էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը:
«Մարզումները ցույց են տալիս, որ տղաների մոտ ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի: Այս պահի դրությամբ նրանք այնպիսի մարզավիճակում են, ինչպես պետք է լինեն հենց այս ժամանակահատվածում: Կա արագություն, կա ախորժակ և որ ամենակարևորն է կա կռվելու ցանկություն: Նրանք շատ եռանդով են աշխատում, ես գոհ եմ նրանցից: Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարելու և լավ մենամարտ անցկացնելու»,- ասել է մարզիչը:
Աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Կարծիքներ