Նոր նախագիծ. Սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցությունը կընդլայնվի. «Ժողովուրդ»

Նոր նախագիծ. Սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցությունը կընդլայնվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում կատարվող ռազմական գործողություններին զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը որոշել է ընդլայնել սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության շրջանակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունների է ենթարկվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի կողմից:

Մեր տեղեկություններով՝ փոփոխությունը եղել է կառավարության առաջարկությամբ, և վերջիններս նախատեսում են ընդլայնել փոխհատուցման ենթակա ոլորտները, որոնք վնաս են կրել Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով, առաջարկում փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնք խնամել են վերոնշյալ գործողությունների հետևանքով զոհված քաղաքացուն մինչև նրա 18 տարին լրանալը:

Նկատենք՝ սահմանամերձ համայնքներին տրվող օժանդակությունն ավելի ընդլայնվեց հուլիսյան դեպքերից հետո, երբ լարվածություն էր արդեն հայ-ադրբեջանական սահմանին: Այդ դեպքերից հետո կառավարությունը մշակեց օժանդակության ծրագրեր, իսկ, ահա, պատգամավորների ներկայացրած նախագիծն արդեն ընդհանուր է և սոցիալական աջակցություն է սահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիների համար: Դրան զուգահեռ նկատենք, որ առաջիկա օրերին էլ պետք է ընդունվի տնտեսության զորահավաքային պլանը, որը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Միևնույն ժամանակ, նկատենք, որ որոշում է կայացվել կառավարության կամ Ազգային ժողովի նիստեր անել միայն բացառիկ դեպքերում, երբ օրակարգում այս իրավիճակի համար շատ կարևոր նախագիծ պետք է քննարկվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում