Բարսելոնան 10 մլն եվրոյի դիմաց կարող է վաճառել Ռակիտիչին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ ժամանակներս կարող է վաճառվել՝ 10 մլն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Խորվաթ կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ նրան անվճար բաց թողնել՝ պայմանագրի ժամկետի ավարտին:
«Բարսելոնան» շեշտը ցանկանում է դնել կազմի երիտասարդացման և աշխատավարձերը նվազեցնելու վրա, այդ իսկ պատճառով ցանկանում է շահութաբեր կերպով բաժանվել ֆուտբոլիստից:
32-ամյա կիսապաշտպանը բազմիցս հայտարարել է, որ դեմ չի լինի կարիերան «Սևիլիայում» ավարտելուն: Ռակիտիչն այս թիմի կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին: Խորվաթ ֆուտբոլիստը պաշտպանել է նաև «Շալկեի» և «Բազելի» գույները:
Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Ռակիտիչը կատալոնացիների կազմում 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am
Կարծիքներ