Տավուշի մարզում 3 հազար 388 բռնի տեղահանված է ապաստանել, 899-ն ապրում են հյուրանոցներում
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանվածներին կացարանով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացում այս օրերին կատարած աշխատանքի համար։
Նախարարը հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարանները, տները, որպեսզի հնարավոր լինի բռնի տեղահանվածներին հյուրանոցներից, հյուրատներից տեղափոխել մշտական բնակության վայրեր։
Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դպրոցահասակ երեխաների հաշվառմանը, որպեսզի երեխաների կրթության իրավունքը չտուժի և նրանք դուրս չմնան կրթական գործընթացից։
Նախարարը հանձնարարել է առանձնացնել հատուկ կարիք, առողջական խնդիրներ ունեցող անձանց, հետևել, որպեսզի այդ մարդիկ պատշաճ բուժսպասարկում անցնեն։
Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև կամավորների, իսկ բռնի տեղահանվածներին այցելելիս` նրանց իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին։
Մարզպետը նախարարին զեկուցել է մարզում կատարված աշխատանքները, տեղեկացրել է, որ մարզում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում և արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել։
Մարզպետը տեղեկացրել է, որ հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարաններն ու տները։
Տավուշի մարզում այս պահին տեղակայվել է 3388 բռնի տեղահանված, որոնցից 899 հյուրանոցներում։
Կարծիքներ