ԿԳՄՍՆ աջակցությամբ լուծում կստանան 9 դպրոցի հրատապ խնդիրներ
Այս տարվանից մեկնարկել է պետական բյուջեով իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառումը:
Միջոցառման նպատակն է աջակցել դպրոցներին՝ արտակարգ իրավիճակների և չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացած խնդիրների լուծման, նորոգման, արդիականացման աշխատանքների իրականացման հարցում:
Ըստ այդմ, հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքը՝ ԿԳՄՍ նախարարությունը մշակել է վերոնշյալ միջոցառման ֆինանսավորման կարգը:
Կարգով սահմանվել են այն պայմանները, որոնց դեպքում դպրոցը կարող է դիմել ֆինանսական աջակցություն ստանալու համար, ինչպես նաև այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը՝ դպրոցների ընտրության և որոշումների կայացման ժամանակ:
Համաձայն կարգի՝ հանձնաժողովը ֆինանսավորման վերաբերյալ որոշում է կայացնում՝ հաշվի առնելով ստացված տեղեկատվությունը՝ փաստաթղթերի ամբողջականությունը, ներկայացված խնդրի բարդությունը, ֆինանսական միջոցներ հատկացնելու հիմնավորվածությունը, խնդրի լուծման հրատապությունը և ազդեցությունը սովորողների անմիջական անվտանգության և կրթության վրա: Հաշվի են առնվում նաև իրականացվող ծրագրերում ընդգրկվածությունը կամ ուսհաստատության՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սեյսմակայունության տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների ցանկում ներառված լինելու հանգամանքը և հնարավոր միջամտության աստիճանը:
Արդեն իսկ քննարկվել են 13 դպրոցից ստացված հայտերը, որոնցից 9-ի հայտը հաստատվել է, որոնցից Բերդի ավագ դպրոցի հետ պայմանագիր է կնքվել՝ տանիքի նորոգման աշխատանքների նպատակով: ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշմամբ գումար էր հատկացվել տանիքի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքերման համար, որի հիմքով «Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման շրջանակում դպրոցին կհատկացվի 8 մլն 431 հազար դրամ՝ ամբողջությամբ դպրոցի տանիքը նորոգելու նպատակով: Բացի այդ՝ դպրոցին առաջարկվել է վնասված տանիքի հետևանքով դասասենյակներում առաջացած հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքների ֆինանսավորումը քննարկելու նպատակով ներկայացնել կարգով պահանջվող փաստաթղթերը։
Եվս 8 դպրոցի հաստատված հայտերի հիմքով պայմանագրերը կկնքվեն, և ֆինանսավորումը կիրականացվի լրամշակված փաստաթղթերը ստանալուց հետո:
Կարծիքներ