ՀՀ արդարադատության նախարարությունը կանցկացնի նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում
Հ արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
«Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 8-ը մինչև ժամը 16.00-ը:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:
Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Ստուգումը կիրականացվի 2022 թվականի նոյեմբերի 17-ին:
Կարծիքներ