ԱՀ նախագահի անունից տարծվող՝ ալյուրի երկու օրվա պաշարի մասին լուրը հերթական կեղծիքն է. հիմնադրամ
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր նախագահը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին:
Այս մասին հայտնում են «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից:
«Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ կեղծ է: Հունիսի 15-ից հետո տարբեր շրջանակների կողմից փորձ է արվել նման ապատեղեկատվություն տարածելով ներքին դժգոհություններ հրահրել՝ հանրությանն անընդհատ ենթարկելով հավելյալ լարվածության:
Այդուհանդերձ, նման մտահոգիչ իրավիճակի առնչվելու դեպքում այդ մասին առաջինը հայտարարելու է կառավարությունը. այս պահին իրավիճակը կառավարելի է՝ ժամանակին պահեստավորված ալյուրի ու առաջիկայում հնձվելիք ցորենի պաշարների շնորհիվ:
Նման տեղեկատվական սադրանքներն ընդամենը հավելյալ ծանրաբեռնվածություն են հաղորդում պետությանը ալյուրի մատակարարման հարցում, և ամեն անգամ կառավարությունը այդ խուճապային մթնոլորտը հաղթահարելու համար ստիպված է լինում ծախսել ավելին, քան մեր պահանջարկն է:
Մի՛ տրվեք նման սադրանքների ու մի՛ հավատացեք այդպիսի կեղծ լուրերի: Ցավոք, նույնիսկ այսպիսի իրավիճակում մեր շարքերում դեռևս կան մարդիկ, որոնք բավարար չափով չեն գիտակցում և արժևորում հանրային ու պետական շահը»,-ասված է հիմնադրամի հայտաարության մեջ:
Կարծիքներ