Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնագիրը. Reuters

Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնագիրը. Reuters

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի քննարկմանը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ հինգ աղբյուր:

Նախկին և ներկա ռուսաստանցի պաշտոնյաները հայտնել են, որ Պուտինը կընդունի Թրամփի միջնորդած համաձայնագիրը և կհամաձայնի սառեցնել հակամարտությունը առաջնագծում։ 

Reuters-ը նշում է, որ Թրամփը, որը խոստացել է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, Սպիտակ տուն է վերադառնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը գերակա դիրքեր է գրավում։ Ըստ հրապարակման՝ Մոսկվան առաջ է շարժվում 2022 թվականին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենաարագ տեմպերով։ 

Ըստ աղբյուրների՝ մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի հատվածներում սահմանների հստակ գծման հարցում, հնարավոր է, բանակցությունների տեղ լինի։ Reuters-ի զրուցակիցները նաև հայտնել են, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստ լինի դուրս գալ Խարկովում և Նիկոլաևում իր վերահսկողության տակ գտնվող փոքր հատվածներից։ 

Աղբյուրները նաև նշել են, որ եթե հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ռուսաստանը կշարունակի կռվել։ 

Թեև Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն ուկրաինական հողում, սակայն Մոսկվան պատրաստ է Կիևի անվտանգության երաշխիքների քննարկմանը, ըստ ներկա և նախկին հինգ պաշտոնյաների:

Աղբյուրները նշել են, որ Կրեմլը կարող է առաջ քաշել նաև այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Կիևի համաձայնությունը՝ սահմանափակել իր զինված ուժերի չափը և պարտավորվել չսահմանափակել ռուսաց լեզվի օգտագործումը:

Ուկրաինական կողմը դեռ չի արձագանքել Reuters-ի խնդրանքին՝ մեկնաբանել այս հրապարակումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում