Արմեն և Սերգեյ Սմբատյանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Ձերբակալվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Ըստ դատախազության հաղորդագրության, պարզվել է, որ Սմբատյանները և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ հողամասը:
Մշակույթի այդ ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը՝ իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, «Սոխոսենթր» ընկերության հետ կնքել է պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով ներդրումային պարտավորությունը: Պողոսյանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականին գրանցել ընկերության սեփականության իրավունքը 300 քմ հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով ավելի քան 966 մլն դրամի գույքային վնաս: Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի խարդախություն կազմակերպելու, Սերգեյ Սմբատյանին և Արման Պետրոսյանին՝ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար: Սմբատյաններին ձերբակալել են այսօր, միջոցներ են ձեռնարկվում գործարարին հայտնաբերելու համար, իսկ մշակույթի նախկին նախարարի նկատմամբ մեկ այլ՝ ԱՕԿՍ-ի գործով ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում, նա ևս դեռ հայտնաբերված չէ:
Կարծիքներ