Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մի քանի կետերի շրջանակում արցախահայությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 61 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հարցին անդրադարձավ՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման շրջանակում:

Այն ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ հաստատվել է 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի:

Այս համատեքստում փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց, որ ևս 6 մլրդ դրամ սոցաջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:

Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց, որ Արցախի բոլոր քաղաքացիներին, բացի 18-63 տարեկան տղամարդկանց, ովքեր չունեն հաշմանդամության խումբ, տրամադրվում է յուրաքանչյուր ամիս միանվագ աջակցություն 68 հազար դրամի չափով՝ 4 ամիս ժամկետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում