ԵԱ. Այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի 7 ըմբիշներ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի բոլոր՝ 7 ներկայացուցիչները:
Նախօրեին պայքարի մեջ մտած ու պարտություն կրած Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Վարուժան Գրիգորյանը (77 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրանց հաղթած ըմբիշները նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի բուլցարացի Նիկոլայ Վիչևի հետ, իսկ Վարուժան Գրիգորյանը՝ 2020թ. Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի:
Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի բելառուս Արտյոմ Կացարի հետ:
2020թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի վրացի Իրակլի Ձիմիստարշվիլիի հետ:
Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում կմեկնարկի ուկրաինացի Ալեքսեյ Մասիկի հետ գոտեմարտով:
Մալխաս Ամոյանը (72 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով խորվաթ Ալեն Ֆոդորի հետ:
77 կգ քաշային կարգում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (82 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի ֆինն Միկո Լիտինենի հետ:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին ներկայացել էր 4 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ: Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) հաջողության չէին հասել: Արման Ավագյանը պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Կարծիքներ