ԱՄՆ-ում հայց է ներկայացվել ընդդեմ Meta-ի. ներդրողներն իրենց վնասը գնահատել են 100 մլրդ դոլար
ԱՄՆ Օհայո նահանգի գլխավոր դատախազ Դեյվ Յոստը հայտարարել է, որ դատի է տալիս Մետային՝ նախկինում Facebook անունով հայտնի սոցցանցային հսկային՝ հիմնվելով ընկերության նախկին աշխատակցուհի Ֆրենսիս Հաուգենի արած աղմկահարույց բացահայտուների և նրա հրապարակած փաստաթղթերի վրա, գրում է CNN-ը։
Հայցը ներկայացվել է նահանգի պետական կենսաթոշակային ընկերության և Meta-ի այլ ներդրողների անունից, որոնք իրենց վնասները գնահատել են 100 միլիարդ դոլար: Հայցում ասվում է, որ ընկերությունը մոլորեցրել է հանրությանն իր ալգորիթմների վերաբերյալ և թաքցրել տեղեկատվությունն այն հավանական վնասի մասին, որ իր ծրագրերը կարող են պատճառել օգտատերերին: Հայցում նշվում է, որ Facebook-ի ղեկավարությունը խախտել է Արժեթղթերի մասին օրենքը՝ հայտարարելով իր հարթակների «անվտանգության, պաշտպանվածության և գաղտնիության» մասին՝ ընկերության արժեթղթերի գինը բարձրացնելու նպատակով։
«Ընկերությունը բազմիցս մոլորեցրել է ներդրողներին և հանրությանը, որ Facebook-ի արտադրանքի օգտագործումը չի վնասում երեխաներին, որ ընկերությունը ձեռնարկում է ագրեսիվ և արդյունավետ միջոցներ՝ կանխելու վնասակար բովանդակության տարածումը, և որ Facebook-ը կիրառում է իր վարքագծի չափանիշները հավասարապես բոլորի օգտատերերի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ ներդրողները ընկերության մասին ճշմարտությունն իմացել են Ֆրենսիս Հաուգենի հրապարակած փաստաթղթերից։ Ինչպես պարզվել է, ընկերությունը տեղյակ էր սոցիալական ցանցի կողմից ատելություն հրահրելու, անօրինական գործողությունների, բռնի ծայրահեղականության և այն զգալի վնասի մասին, որը սոցկայքը պատճառում է օգտատերերին:
Կարծիքներ