«Վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով». Արաքսիա Սվաջյան

«Վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով». Արաքսիա Սվաջյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով հիմնախնդրի քննարկումը, ընդգծել է՝ վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով, ինչը, Արաքսիա Սվաջյանի վստահեցմամբ, խիստ մտահոգիչ է: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը շատ կարևոր է՝ վաղ ամուսնությունների հետևանքով առաջացող խնդիրները կանխարգելելու համատեքստում:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2023-2024 ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են ազգությամբ եզդի 1319 աղջիկներ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից:

«Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու շարժն ակնհայտ է ավագ դպրոցի տարիներին: Մասնավորապես, 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ դիտվում է սովորողների թվի 52,7 %-ի չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5 %, իսկ 12-րդ դասարանում՝ 88,2 %: Հասկանում ենք, թե սա որքան վատ ցուցանիշ է»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու ներկայացրել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, ազգությամբ եզդի սովորողների թվի առումով բուհերում աճ է նկատվում. «2020/21 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում ունեցել ենք ազգությամբ եզդի 34 ուսանողներ, որոնցից 9-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ: Մագիստրատուրայում կրթությունը շարունակել են ընդամենը 6 եզդի ուսանողներ, բոլորը՝ տղաներ: 2021/22 ուսումնական տարում ուսանողների թիվը փոքր-ինչ ավելացել է. բակալավրում այն կազմել է 40 (13-ը՝ աղջիկ), իսկ մագիստրոսական աստիճանում կրթությունը շարունակել են ընդամենը 5 ուսանողներ: 2022/23 ուսումնական տարում ունեցել ենք բակալավրի 55 ուսանողներ, որոնցից 17-ը՝ աղջիկներ: Մեկ տղա էլ կրթությունը շարունակել է մագիստրատուրայում»:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև այն քայլերին, որոնք ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկում է՝ իրավիճակը կանխելու նպատակով: Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակի գործունեությանը:

«Այս խմբակի շրջանակում երեխաները տարաբնույթ թեմաներով ուսումնասիրություններ են կատարում, և սա ավելի ինտերակտիվ ձևաչափով իրականացվող ուսումնական գործընթաց է երեխաների համար՝ թույլ տալով նրանց մոտ հեշտությամբ ձևավորել բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողությունների հասնելու համար` նվազագույն պատկերացումների տեսանկյունից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա դիտարկմամբ՝ վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում առողջ ապրելակերպից բացի՝ նշանակալի ազդեցություն կունենա նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման շուրջ տարվող գործընթացը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նախորդ տարեվերջին լրամշակվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը գործում է դեռ 2021 թվականից:

«Հստակ առանձնացվել են ընթացակարգերը, և դրան համապատասխան՝ յուրաքանչյուր մարմին և գերատեսչություն գիտի իր անելիքները. տեղեկատվական համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է, ինչը հնարավորություն կտա ինչպես դուրս բերել պարտադիր կրթությունից դուրս մնացած, այնպես էլ դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաներին. 6 աշխատանքային օր անընդմեջ բացակայող երեխաները համարվում են ռիսկի տակ գտնվող, ու եթե բացակայության համար չկա հիմնավոր պատճառ, երեխաներին դպրոց հետ բերելու ուղղությամբ պետք է լրացուցիչ աշխատանք կատարվի: Մեր երկրում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հետևաբար յուրաքանչյուր ծնող պարտավոր է իրացնել իր երեխայի իրավունքը: Ինչ վերաբերում է տարիքային շեմի փոփոխությանը, ապա կարծում եմ՝ մենք ավելի շատ սովորողների իրավագիտակցությանը միտված կարողությունները պետք է զարգացնենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, նշել է՝ գործող իրավակարգավորումներով սահմանվել է՝ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է.

«7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում: Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը: Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ կհանդիսանա, և ծնողները երեխաներին դպրոց կտանեն 6 տարեկանից, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքում»,- նշել է նախարարի տեղակալը:

Նշենք՝ խորհրդարանական լսումներին ներկա են եղել նաև իրավասու մարմինների, ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչներ։ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ ամուսնության տարիքային շեմի բարձրացման նպատակով իրականացվող օրենսդրական բարեփոխումները նախատեսվում են 2024 թվականին։

«Խորհրդարանում հանդիսանալով եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր հատկապես եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների մասով, սակայն պետք է արձանագրել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում: Կարևորում եմ վաղ տարիքից երեխայի գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ վաղ ամուսնությունները կարող են ունենալ բացասական հետևանքներ իրենց հետագա կյանքի, նաև ճակատագրի վրա։ Անչափահասների ամուսնությունն առաջացնում է տարաբնույթ խնդիրներ առողջական, կրթական, սոցիալական տեսանկյունից»,- ասել է Բաքոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում