Խորհրդարանի օրակարգ կբերվի օրենսդրական երեք նախաձեռնություն. Ալեն Սիմոնյանը մանրամասնում է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ առաջիկա օրերին խորհրդարանի օրակարգ կներկայացվեն երեք օրենսդրական նախաձեռնություններ։
Առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված պատիժները։ Եթե մինչ այժմ ընտրակաշառք ստանալու համար սահմանված էր մինչև 7 տարվա, իսկ տալու համար՝ մինչև 8 տարվա ազատազրկում, ապա փոփոխությունից հետո դրանք կդառնան համապատասխանաբար մինչև 9 և մինչև 10 տարի։
Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է բնակավայրերում Հայաստանի Հանրապետության դրոշի տեղադրմանը։ «Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, հիմնական մուտքերից մեկի կամ բոլոր մուտքերի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինի առնվազն 1x2 մետր չափի ՀՀ դրոշ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Երրորդ նախաձեռնությունը, որը, Սիմոնյանի գնահատմամբ, «պատմական» է, վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելուն։ Ըստ դրա՝ կփոփոխվի պատգամավորների երդման տեքստը։
«Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, իրական պետությանը և մեր օրենսդրությանը, ինչպես նաև կարտացոլի հայ ժողովրդին բնորոշ և նրա համար կարևոր արժեքները»,- ասել է նա։


Կարծիքներ