Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել՝ հետախուզում. ՔԿ
Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 2 ամիս ժամկետով, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ 2009-2016թթ ընթացքում ԿԳՄՍ նախարար Արմեն Աշոտյանը 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՊԵԿ նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի, պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:
Բացի այդ, ըստ ՔԿ-ի, գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:


Կարծիքներ