Արցախի ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Մարտի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:
Քննարկվել են առաջիկա լիագումար նիստի հետ կապված հարցեր: Նիստի օրակարգում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ու Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին հարցերն են: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի միջազգային պայմանագրերին վերաբերվող օրինափաթեթը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կներկայացվի կից փաթեթով: «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» «Նույնականացման քարտերի մասին» օրենքների նախագծերը կքննարկվեն առաջին ընթերցմամբ:
Օրենքների հաջորդ խումբը կրթության ոլորտից է: Լրացումներ և փոփոխություններ են նախատեսվում «Հանրակրթության մասին» ու «Կրթության մասին» օրենքներում:
Լիագումար նիստի օրակարգում «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
Պատգամավորները նաև հայտարարություններով հանդես կգան:
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն առաջարկեց երկարացնել հայտարարությանը տրամադրվող ժամանակը, կառավարության հետ հարց ու պատասխանն էլ դարձնել ամենամսյա: Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ:
Խորհրդակցության վերջում Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ լիագումար նիստ է հրավիրվում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին:
Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուներ:
Կարծիքներ