Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով «Հայաստան» հիմնադրամի 100 տոննա պարենամթերքը հնարավոր չէ հասցնել Արցախ

Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով «Հայաստան» հիմնադրամի 100 տոննա պարենամթերքը հնարավոր չէ հասցնել Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության այս տեղեկությունը Ֆեյսբուքում հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:

Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում