Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը
«Մեծ հաղթանակի դեմքերը» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում), ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ, «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ, «ՎՏԲ-Հայաստան» բանկի ֆինանսավորմամբ: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
«Ցուցադրությունը հարգանքի տուրք է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաև պատմական հիշողությունը պահպանելու և այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը նոր սերունդներին փոխանցելու միջոց: Լուսանկարիչ Տաթև/Ազատուհի Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները և լուսանկարել է 110 վետերանների դեմքերը` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին՝ ի հիշատակ այդ պատմական իրադարձության»,- ցուցադրության հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով վետերաններին, փաստել է, որ սերունդները հպարտանում են նրանցով, նրանց հաղթանակով:
«Սիրելի՛ վետերաններ, ես անսահման ուրախ եմ, որ դուք այստեղ եք, որ մեզ հետ միասին նշում եք մեր ընդհանուր հաղթանակը: Դուք հաղթեցիք Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում: Շատ կուզենայի, որ դուք դառնայիք վետերանների վերջին սերունդը, ում առջև մենք կխոնարհվեինք, որպեսզի ձեր փառահեղ պատմությունը փակեր պատերազմների էջը: Սակայն, Հայրենական մեծ պատերազմը չդարձավ վերջինը, և այժմ մենք ունենք վետերանների տարբեր սերունդներ: Վստա՛հ եղեք, որ վետերանների այս նոր սերունդը ձեր դաստիարակության արդյունքն է, նրանք մեծացել են ձեր օրինակով: Ձեր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում դարձավ օրինակ այս երիտասարդների համար, սովորեցրեց նրանց մինչև վերջ պաշտպանել հայրենիքը: Պատերազմներն անցանկալի են, բայց եթե նրանք պարտադրված են, ապա պետք է հասնել հաղթանակի՝ հանուն հայրենիքի: Մաղթում եմ ձեզ առողջություն, երկարակեցություն, մենք սիրում ենք բոլորիդ»,- ասել է նախարարը:
Երևանում Ռուսական տան մշակութային և պատմական նախագծերի բաժնի պետ Անդրանիկ Արզումանյանն էլ տեղեկացրել է, որ Տաթև Մնացականյանի աշխատանքի արդյունքների հիման վրա, «ՎՏԲ-Հայաստան» բանկի ֆինանսական աջակցությամբ, հրատարակվել է նաև պատկերագիրք:
Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագծի իրականացման համար բոլոր կազմակերպիչներին, հատկապես՝ վետերաններին. «Որոշ հերոսներ արդեն չկան, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ հետ են` լուսանկարչական դիմանկարների շնորհիվ: Հարգելի՛ վետերաններ, դուք հրաշք եք, ձեզ հետ շփման ընթացքում ստացվում էր ոչ թե պարզապես լուսանկար, այլ ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր պահը դարձավ իմ կյանքի մի մասը: Ցանկանում էի լուսանկարներում փոխանցել ձեր մեջ ապրող հաղթանակի ոգին: Շատ շնորհակալ եմ և խոնարհվում եմ ձեր առջև»:
Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը խորին շնորհակալություն է հայտնել լուսանկարչին և կազմակերպության անունից նրան հանձնել վկայական:
Կարծիքներ