Իբր հանձնարարություն էի տվել ձայն ապահովելու. Գևորգ Պապոյանը դատարանում հաղթել է հայտնի գործով
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է դատարանում տարած հաղթանակի մասին:
«Հաղթանակ՝ դատարանում։
Երևի կհիշեք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մի ձայնագրություն էր տարածել, որով իրենց ներկայացուցիչը ներկայանում էր որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի օգնական և հարցեր էր տալիս որոշ համայնքների վարչական ղեկավարների և այլ անձանց՝ իբր թե ես ինչ-որ հանձնարարություններ եմ իրենց տվել ընտրություններում ձայն ապահովելու համար և այդ մասով համապատասխան «ճշտումներ» էր անում։
Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից դիմեցինք դատարան՝ զրպարտելու համար և դատարանը դեռ ամիսներ առաջ որոշեց (հիմա եմ գրում, քանի որ երեկ տեսա՝ նորից շահարկվեց թեման).
Դատարանը վճռեց՝
…պարտավորեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը հրապարակայնորեն հերքել պատասխանողի պաշտոնական «www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող տվյալները՝ հետևյալ ձևով․
«Տեղադրել հայտարարություն պատասխանողի՝ «www.uic.am» կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. ««www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»»,- գրել է Պապոյանը։
Կարծիքներ