Նստացույցը երկար չի տևի, եթե սա էլ արդյունք չտվեց, հաջորդ քայլին կգնանք. Արայիկ Հարությունյան
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույցը շարունակող ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը չի խուսափել նաև սուր հարցադրումներից:
Ինչու է ընտրել պայքարի այս տարբերակը, միթե երկրի ղեկավարն այլ տարբերակ չի տեսնում՝ հարցին, նախագահը պատասխանել է.
«Այս փուլում պայքարի այս ձևաչափն ենք մտածել, եթե սա էլ արդյունք չտա, հաջորդ քայլին կգնանք: Միջազգային առումով ունենք որոշակի հաջողություններ, բայց հումանիտար առումով շատ վատ վիճակում ենք, որը պետք է հաղթահարենք»,- ինչպես փոխանցում է «Հայկական Ժամանակը»՝ ասել է Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ իր նստացույցը չի խանգարել պետական համակարգի բնականոն աշխատանքին, ինչն առավել քան պահանջված է հատկապես այսօր՝ շրջափակման հետևանքով խորացող ճգնաժամի ֆոնին:
Ըստ նախագահի՝ նստացույցը երկար չի տևի: Հիմնական նապատակը միջազգային կառույցների ուշադրությունը ևս մեկ անգամ ԼՂ-ի պաշարման փաստի վրա սևեռելն է, հակամարտության կարգավորման հարցում ներգրավված կողմերին մեկ անգամ ևս հիշեցնելը, որ խոսքը 120.000 մարդու անքակտելի իրավունքների մասին է:
Հումանիտարից բացի, թեմայի քաղաքական ենթատեքստն էլ անուշադրության չի մատնվում:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ իրենց նպատակը որդիների արյամբ պահպանված հայրենիքը պահելն է: ԼՂ ԱԺ նախագահն էլ վստահեցրել է՝ ժողովրդին մենակ չեն թողնի:
Կարծիքներ