Փորձարկվել են Փրկարար ծառայությանը տրամադրված 22 ամենագնացների հնարավորությունները

Փորձարկվել են Փրկարար ծառայությանը տրամադրված 22 ամենագնացների հնարավորությունները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանի հրամանով հոկտեմբերի 26-27-ը Լուսակերտի ուսումնական կենտրոնում կազմակերպվել է 22 ամենագնացների տեխնիկական հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու վերապատրաստման դասընթաց:

Դասընթացին մասնակցել են 12 վարորդ-փրկարարներ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններից:

Ամենագնացները նախատեսված են դժվարանցանելի տեղանքներում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման համար: Ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի նաև դժվարանցանելի տեղանքներում ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել վիրավորների, ինչպես նաև իրականացնել ավտոքարշակման, ձնամաքրման, որոնողական և այլ գործողություններ։

Երկօրյա դասընթացի ժամանակ փրկարարները ծանոթացել են ամենագնացների տեխնիկական հնարավորություններին, հրահանգավորել, այնուհետև, գործնականում փորձարկել մեքենաները՝ խաղարկելով տարբեր փրկարարական գործողություններ:

Մեքենաները նպատակային և թիրախային կծառայեն իրենց նպատակին՝ զգալիորեն հեշտացնելով փրկարարների աշխատանքը՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն էլ ավելի արդյունավետ իրականացնելու և ծառայության որակը էականորեն բարձրացնելու համար։

Հիշեցնենք, որ 22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում