Սոչիի հանդիպումը դրական էր, շատ զարմացած են այն ուժերը, որոնք փաստաթղթում սպասում էին «միջանք» ձևակերպմանը․ Անդրանիկ Քոչարյան

Սոչիի հանդիպումը դրական էր, շատ զարմացած են այն ուժերը, որոնք փաստաթղթում սպասում էին «միջանք» ձևակերպմանը․ Անդրանիկ Քոչարյան

«Ես կարծում եմ, որ պարոն Ալիևը ուներ հնարավորություն եռակողմ բանակցությունների ժամանակ իր տեսակետը հստակ ձևակերպելու, թե Ալիևն ու Էրդողանը ինչ են հասկանում միջանցք ասվածի տակ, մեր ՀՀ վարչապետը մեր հանրապետության շահերից բխող տեսակետը ներկայացրել է՝ դա կոմունիկացիաների մասին է խոսքը գնում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով դիտարկմանը՝ Ալիևն ու Էրդողանը կրկին միջանցքի հարց են քննարկել։ 

«Միջանցքը դա այլ հասկացություն է, այդպիսի օրակարգ չկար Սոչիում, նաև շատ զարմացան այն ուժերը, որոնք սպասում էին այդ ձևակերպմանը, հետևաբար հիմա իրենց ազատագրումն արդեն ժամանակավրեպ է և հիմա տեսնենք երկրի ներսում ինչպես ենք կարգավորում կառավարության ծրագրում մատնանշած անվտանգության խնդիրները»,-հավելեց նա։ 

Անդրանիկ Քոչարյանը խոսելով դիրքերից ընդգծեց, որ բավական աշխատանքներ են կատարվել առաջնագծում, և այդ աշխատանքները նախկինում զրոյական են եղել, քանի որ մեր դիրքերը եղել են լրիվ այլ տեղանքում․ «Հիմա այդ աշխատանքները կատարվում են, այս եղանակային պայմաններում ճանապարհներ են գծվում»։ 

Հարցին՝ ինչ պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարի հատվածից՝ ՔՊ պատգամավորն արձագանքեց․ «Ես գիտեմ, որ ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան, ինչքան շուտ այնքան լավ։ Ամեն հարց մեկը մյուսի հետ փոխկապակցված է նաև այն զրոյական կետից, որտեղ խոսվում է քարտեզներից, հանձնաժողովներ են աշխատում։ Սոչիի հանդիպումը տվել է դրական ընկալում, բայց ես չեմ կարող ասել, թե հակառակորդը ինչ տեմպերով և ինչքան է իրականացնում այդ դրական ընկալումը»։ 

Հարցին՝ այլ տարածքներից նախատեսվու՞մ է ադրբեջանական զորքի դուրս գալը՝ Անդրանիկ Քոչրայանը շեշտեց, որ Հայաստանի ինքնիշխան  տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել։ 

Դիտարկմանը, բայց ադրբեջանցիները մտել էին և դուրս չէին գալիս՝ Քոչարյանն արձագանքեց․«Մենք էլ էինք շատ տեղեր մտել և դուրս չէինք գալիս»։   

Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով պատվաստված լինելու հարցին՝ հիշատակեց, որ 4 անգամ պատվաստվել է, որպեսզի ժողովուրդը չվախենա պատվաստումներից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում