Սուրեն Պապիկյանը հորդորել է զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները
Դիրքեր կատարած այցից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին:
Շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ:
Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին:
Առանձնազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է սպաների սոցիալ-կենցաղային, բնակարանների ապահովման պայմաններով: Պաշտպանության նախարարը հորդորել է լրացուցիչ մարզումներով բարելավել ֆիզիկական վիճակը, մարտավարամասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններում առավելագույն միավորներ վաստակելու համար:
Նախարարը բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է բարոյահոգեբանական զրույցների միջոցով զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:
Կարծիքներ