Հայկական Կարմիր խաչը մարդասիրական օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած ընտանիքներին
Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրու տնակային թաղամասում բնակվող և այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն և անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ և կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։
Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49․696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն (ընդհանուր առմամբ՝ 132688587 ՀՀ դրամ)։
Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդ և ստացավ դրական արձագանք։
ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։
Գյումրու համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին, աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանին, Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանին: Համայնքապետարանի լրատվական ծառայությունից Freenews-ին տեղեկացնում են, որ Սամվել Բալասանյանը ներկայացրել է օրեր առաջ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած խնդիրները, մինչ այս կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Համայնքի ղեկավարը ողջունել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության կողմից իրականացվելիք ծրագիրը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել համագործակցության:
«Հայկական կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա մանրամասն ներկայացրել ծրագիրը, խոսել դրա իրականացման համար անհրաժեշտ մի շարք հարցերի մասին:
Կարծիքներ