Թեհրանը վստահեցրել է, որ ուրանի հարստացման մակարդակը գերազանցելու ծրագրեր չունի

Իրանի իշխանությունները չեն պատրաստվում ուրանի հարստացման հզորությունները հասցնել 60%-ի, նույնիսկ եթե ԱՄՆ-ը մերժի Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Նա պատասխանել է լրագրողի հարցին, թե Թեհրանը կգերազանցի՞ արդյոք ուրանի հարստացման ներկայիս մակարդակը, եթե Վիեննայում բանակցությունների կողմերը համաձայնության չգան, իսկ Վաշինգտոնը չվերացնի պատժամիջոցները։
«Ուրանի հարստացման հարցում մեր նպատակներն են՝ բավարարել մեր արդյունաբերական և արտադրական կարիքները, ինչպես նաև մեր սպառողների պահանջարկը», – բացատրել է Էսլամին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Իրանի փոխնախագահը հավելել է, որ Իրանի ողջ միջուկային գործունեությունն իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայնագրերի, կանոնադրությունների և բանաձևերի շրջանակներում։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման սահմանափակ ժամկետի մասին:
Նշվում է, որ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է Իրանին ներկայացնել միջուկային համաձայնագրին վերադառնալու «քայլերի հաջորդականությունը», սակայն չի կարող ԱՄՆ ապագա նախագահին «կապել» գործարքին։
Դեկտեմբերի 17-ին Վիեննայում ավարտվել է Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի բանակցողները դադար են վերցրել տոների կապակցությամբ: Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը չի բացառել, որ հաջորդ՝ ութերորդ փուլը կարող է լինել վերջինն ու ամենաերկարը։ Միևնույն ժամանակ, բանակցողները վճռական են տրամադրված՝ փորձելով ավարտին հասցնել աշխատանքը մինչև 2022 թվականի հունվարի վերջ-փետրվարի սկիզբ։
Կարծիքներ