«Պետք ա գնամ․ սա մեր վերջին կռիվն ա լինելու ». Ճանաչենք մեր հերոսներին

«Պետք ա գնամ․ սա մեր վերջին կռիվն ա լինելու ». Ճանաչենք մեր հերոսներին

Այսուհետ Freenews.am-ը իր հետևորդներին կներկայացնի Արցախ-ադրբեջանական պատերազմում քաջաբար ընկած մեր հերոսների պատմությունները։ Ներկայացնում ենք հերոս Միհրան Մանուկյանի պատմությունը։ 

«Իր ընտանիքին նվիրված էր , մեր ծնողների հպարտությունն էր։ Միհրանին երբեք տխուր չէիր տեսնի, միշտ ժպտում էր․ տուն մտնելիս արցունքներն ու տխրությունը դրսում էր թողնում։ Սիրում էր իր հայրենիքը և երազում էր անկախ Հայաստանի մասին »,- ասում է հերոս Միհրան Մանուկյանի քույրն ու աչքերն արցունքով լցնում։ 

 2020 թվականից ԵԿՄ վարչության անդամ է եղել, երբ սկսվել է պատերազմը Միհրանը տեղը չի գտել․ «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի հետ միասին մեկնել է առաջնագիծ․

«Տան անդամներից միայն մայրս էր դեմ։ Երբ մայրս ասել է՝ մի գնա, թող քեզ կանչեն նոր գնա, ասել է՝ պետք ա գնամ, սա մեր վերջին կռիվն ա լինելու ու հաղթանակած հետ եմ գալու։ Բոլորս մտահոգված էինք, բայց Միհրանին ցույց չէինք տալիս․ մտածում էինք պատերազմն այսքան երկար չի տևի և շուտ կավարտվի։  Երբ ամսի 28-ին խոսեցի իր հետ, ասացի՝ ու՞ր ես, ո՞նց ես , ասաց՝ լավ եմ, Վրաստան եմ եկել, գործեր ունեմ կվերջացնեմ, կգամ, քուր։ Դե տեղը գաղտնի էր պահում։ Սա իմ ու Միհրանի վերջին խոսակցությունն էր» ,- նշում է քույրը։  

Հերոսի քույրը՝ Սեդան, ասում է ՝ բոլորին ինքն է հույս տվել, որ ամեն բան լավ կլինի և հույսով սպասել է լավ լինելուն ․

«Թեժ մարտերի ժամանակ Միհրանը  կռվել է տարբեր վայրերում, զոհվել է Եղնիկներում։ Եղբայրս հերոսացավ իր հայրենիքի համար,  մեր ժողովրդի համար, իր ընտանիքի, իր երեխաների, իմ ու ձեր վաղվա օրվա համար։  Վերջին անգամ կնոջն է զանգել հոկտեմբերի 5-ին, մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 6-ին։  Տղաս կապված էր քեռիի հետ, Միհրանը խոսք էր տվել տղայիս իրենց տուն տանել, բայց խոստումն անկատար մնաց․ տղաս մինչ օրս սպասում է քեռու գալուն»,- պատմում է նա․

Միհրանն ամուսնացած էր, աղջիկը՝ Վալենտինան, 7 տարեկան է,տղան՝ Հակոբը 6 տարեկան։ Երեխաները հպարտորեն են հիշում իրենց հերոս հայրիկին։ Միհրանը շատ երազանքներ և նպատակներ է ունեցել։ Մինչ պատերազմը իր բակում շինարարական աշխատանքներ է սկսել, սակայն աշխատանքները կիսատ են մնացել, հիմա տղան՝ Հակոբն է շարունակելու հերոս հայրիկի կիսատ թողածը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում