Լաչինի արգելափակումը, ԼՂ-ի ծայրահեղ հումանիտար ճգնաժամը բացասական ազդեցություն ունեն խաղաղ գործընթացի վրա. Փաշինյան

Լաչինի արգելափակումը, ԼՂ-ի ծայրահեղ հումանիտար ճգնաժամը բացասական ազդեցություն ունեն խաղաղ գործընթացի վրա. Փաշինյան

ԼՂ-ում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասական ազդեցություն են ունենում խաղաղ գործընթացի վրա:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բավականին ժամանակ ենք կորցրել և կորցնում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով: Այն նույն ժամանակն ու էներգիան, որ, ցավոք, անարդյունք ծախսում ենք այս թեմայի կարգավորման վրա, կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանն ավելի մեծ ժամանակ տալուն»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում մինչև տարեվերջ հնարավո՞ր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ վարչապետն ասաց, որ ինքը դա պետք է միշտ հնարավոր համարի, քանի որ ստանձնել է քաղաքական հանձնառություն ստորագրել նման պայմանագիր:

«Եվ ինչքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Իմ աշխատանքն է ամեն ինչ անել դա հնարավոր դարձնելու համար և ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է: Հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի: Աշխատում ենք իրավիճակի փոփոխության, Լաչինի միջանցքի բացման, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում