Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ պանդեմիան
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ պանդեմիան։ Գիրքը լույս կտեսնի 2022 թվականի մայիսին։
«Գրքում ես ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոչ միայն հետագա պանդեմիաները դադարեցնելու, այլեւ այդ ընթացքում ամբողջ աշխարհում առողջապահական համակարգը բարելավելու համար։ Մենք պետք է դասեր քաղենք այս պանդեմիայից, եւ նորարարությունները մեզ կօգնեն՝ կյանքեր փրկելու համար»,- գրում է Գեյթսն իր բլոգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Միլիարդատերը նաեւ խոստացել է պատմել հանրային առողջապահության առաջնորդների հետ «իր մշտական զրույցների» մասին։ Այդ թվում նա զրուցել է ԱՄՆ-ի առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչիի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ: Բացի այդ, Գեյթսը կպատմի այն մասին, թե «ինչ է իրենից ներկայացնում դավադրության տեսությունների առարկա լինելը»։
Միլիարդատերը պարբերաբար կարծիք է հայտնում պանդեմիայի զարգացման հնարավոր սցենարների մասին։ Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի օմիկրոն շտամի ալիքից հետո, եւ կորոնավիրուսը կբուժվի որպես սեզոնային գրիպ։
Կարծիքներ