Սինգապուրի վարչապետը մտահոգություն է հայտնել Թայվանի շուրջ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության կապակցությամբ
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը մտահոգություն է հայտնել Թայվանի խնդրի շուրջ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող լարվածության կապակցությամբ, որը կարող է հանգեցնել մի շարք սխալների: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, որից հատվածներ հինգշաբթի հրապարակվել են կառավարության կայքում։
«Չեմ կարծում, որ դա կարող է անմիջապես հանգեցնել պատերազմի, բայց հավանական է մի իրավիճակ, երբ սխալներն ու սխալ հաշվարկները կարող են երկրներին ներքաշել փխրուն իրավիճակի մեջ», - ասել է վարչապետը։
Լի Սյեն Լունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն ցուցադրաբար և ակտիվորեն մեծացրել է իր փոխգործակցությունը Թայվանի հետ, մինչդեռ Պեկինը փորձարկում է կղզու հակաօդային համակարգը։
Նրա խոսքով, այդ բոլոր քայլերը լարվածություն, անհանգստություն են առաջացնում եւ մեծացնում սխալների ու սխալ հաշվարկների հավանականությունը։
«Պետությունների միջև տարաձայնությունները խորն են և բազմակողմանի, դուրս են գալիս որոշակի հարցերի շրջանակից և երբեմն վերաբերում են աշխարհայացքի հիմնարար սկզբունքներին։ Անկախ նրանից, թե որ վարչակազմն է իշխանության ղեկին, ԱՄՆ-ում կա ընդհանուր քաղաքական կոնսենսուս, որ Չինաստանը մրցակից է և լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասել է վարչապետը։
Կարծիքներ