«Ներառականությունը մտածելակերպ է» խորագրով ֆլեշմոբ Գյումրու թատերական հրապարակում
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, այսօր Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ իրազեկող «Ներառականությունը մտածելակերպ է» խորագրով ֆլեշմոբ միջոցառումը:
Ուսանողները, ծրագրի կազմակերպիչների հետ միասին, կավճով գրել են ներառականության գաղափարը բացատրող գրություններ և խորհրդանշական պատկերներ: Մասնակիցները անցորդներին բաժանել են նաև ներառական կրթության վերաբերյալ տեղեկացնող թերթոններ: Ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանը Freenews-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումն իրականացվել է Գյումրու ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների մասնակցությամբ, ովքեր կիսում են ծրագրի գաղափարը և առաքելությունը: Մինչ այս ֆլեշմոբը, անցած օրերի ընթացքում ևս նմանատիպ իրազեկման և վերաբերմունքի փոփոխության երկու այլ միջոցառումներ են իրականացվել Գյումրու այլ թաղամասերում ևս:
Ծրագրի մշտադիտարկող ու գնահատող Հայկարամ Դրմեյանն էլ Freenews-ի հետ զրույցում փաստեց, որ նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունը զգացվում է այնքան ժամանակ, քանի դեռ կա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի ու վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն և քանի դեռ անհատը հասարակության լիարժեք անդամ չէ։ Ի դեպ, նշենք, որ նմանատիպ ֆլեշմոբեր կիրականացվեն նաև գյուղական համայնքերում:
Կարծիքներ