Կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ համաժողովը

Կայացել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ համաժողովը

Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ համաժողովը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ժամանած ձեռներեցները ներկայացրեցին իրենց կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը, հանդես եկան նոր բիզնես գաղափարներով: Համաժողովը կազմակերպել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ), Հայաստանում Եվրոպական միության հետ։ Ներկաներին ողջույնի խոսք հղեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ՔՈԱՖ սմարթ կենտրոնին իրականացվող ծրագրերի համար։
֊Այս համաժողովը, վստահ եմ, հիմք կդառնա հետագա շփումների և գործընկերության համար,֊ասաց նա։
Այս տարի համաժողովն անց է կացվում թեմատիկ քննարկումների ու էքսպո ձևաչափով։
Ծավալվեցին պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով. խելացի կառավարում՝ կառավարման նորարարական մոդելներ, կայուն աշխատատեղեր՝ ձեռներեցություն, թիրախային զբոսաշրջություն, կանաչ ապագա գյուղատնտեսության համար, սոցիալական վերականգնումը՝ որպես համայնքի զարգացման նախադրյալ։ Համաժողովին մասնակցում էին գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ։ Համաժողովի նպատակն էր բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր մոդելներ, ներկայացնել լավագույն փորձը, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը վստահեցրեց, որ համաժողովը ամենամյա բնույթ է կրելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում