Իտալական Լամպեդուզա կղզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով
Իտալական միջերկրածովյան Լամպեդուզա կղզու իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 հազար միգրանտների՝ կղզի ժամանելու պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Իտալական Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանչեսկա Բասիլեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում «շուրջ 6 հազար մարդ է Լամպեդուզա ժամանել՝ 120 տարբեր նավերով»։
Լամպեդուզայում միգրանտների ընդունման կենտրոնը, որը նախատեսված է 400 տեղի համար, այս անգամ ի վիճակի չէ ընդունել բոլոր կղզի ժամանածներին։
Կղզու ղեկավար Ֆիլիպո Մանինոն, ելնելով իրավիճակի լրջությունից, սեպտեմբերի 13-ի երեկոյան արտակարգ դրություն է հայտարարել։
Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հայտարարել է, որ կառավարությունն «անհրաժեշտ ամեն ինչ կանի Լամպեդուզայի բնակիչներին և կղզի ժամանող միգրանտներին օգնելու համար»։ Այժմ իշխանությունների նպատակն է ժամանողներին աստիճանաբար տեղափոխել իտալական այլ քաղաքներ՝ նվազեցնելու կղզու բեռնվածությունը: Լամպեդուզան, որը 2017 թ.-ից դարձել է Միջերկրական ծովի «թեժ կետը», այդուհանդերձ, հազվադեպ է նման ինտենսիվությամբ միգրանտների հոսք ունեցել:
Կարծիքներ