Կալանավորվել է Գյումրու քաղաքային աղբանոցում 30-ամյա երիտասարդի մահվան մեջ մեղադրվող տղամարդը
Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել էր 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիչ վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերին 59-ամյա քաղաքացին հայտնեց, որ երիտասարդը մահացել էր, երբ քաղաքային աղբանոցում գունավոր մետաղներ որոնելիս վրան հողակույտ էր փլուզվել։ Ըստ տղամարդու՝ երկու ծանոթի օգնությամբ նրա դին հանել էին հողակույտի տակից։ Երիտասարդի մահը արձանագրել էին կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ:
Հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել էր երիտասարդի ձախ ազդրային զարկերակը, սպանել նրան, ապա փորձել մոլորեցնել իրավապահներին:
59-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու աղբանոցում երիտասարդ տղամարդու մահվան փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Գյումրու քաղաքային աղբանոցում 30-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր մարտի 17-ին. ըստ ականատեսների՝ դժբախտ պատահար էր եղել:
Կարծիքներ