Միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում գազի խնդրի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ գազամատակարարման հետ կապված Արցախում ստեղծված բարդ իրադրությանը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Ցանկանում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազամատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է:
Սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ զբաղվում ենք այս խնդրով, սակայն պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը»,- ասաց պատգամավորը:
Կարծիքներ