Թուրքիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, պաշտպանության նախարարությունը զինվորականների խումբ է ուղարկել աղետի գոտի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր 5 մարդու մասին, ովքեր անհետ կորել են երկրի արևմուտքում գտնվող Քիրքլարելի նահանգում առաջացած ջրհեղեղներից հետո։
«Մենք գտել ենք ջրհեղեղի հետևանքով արգելափակվածներից երկուսի դիերը, ևս չորսի որոնումները շարունակվում են: Հուսով ենք, որ նրանց առողջ կգտնենք, քանի որ այս հատվածում կան ելքեր դեպի մայրուղի», - ասել է Քիրքլարելիի նահանգապետ Բիրոլ Էքիջին, ով տեղում համակարգում է փրկարարական աշխատանքները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 55-րդ մեքենայացված հետևակային բրիգադի անդամներին մի քանի մեքենաներով ուղարկել է աղետի գոտի, նրանք արդեն տարհանել են մի քանի քաղաքացիների։
Տեղատարափ անձրևների պատճառով որոշ ճանապարհային հատվածներ ավերվել են, իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին դուրս չգալ տներից, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 203 մարդ, ինքնաթիռ, երկու ուղղաթիռ և ավելի քան 50 մեքենա։
Կարծիքներ