Սպառողը գազալցակայաններում պատշաճ տեղեկություն կստանա գազի տեսակի վերաբերյալ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (ավտոմոբիլային կամ կենցաղային) տեղեկատվության ցուցադրման պահանջ կսահմանվի: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն՝ վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ, կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք, վերաբերյալ: Դա պետք է տեղադրվի սպառողի համար տեսանելի վայրում: Վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում է վառելիքի անվանման և նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը»,-ասաց Սիմոնյանը:
Համապատասխան տեղեկատվությունը չտրամադրելու պարագայում առաջարկվում է սահմանել առաջին անգամ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով և 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 500-ապատիկի չափով տուգանք:
Փոխնախարարի խոսքով՝ շարք սպառողների կողմից բողոք է ներկայացվել, որ տարանջատված վաճառք չի իրականացվում: «Սպառողները գազալցակայաններում կունենան պատշաճ տեղեկատվություն, թե վաճառվող գազն ինչ նպատակ ունի, այսինքն` դա կենցաղային օգտագործման համար է, թե տրանսպորտային շարժիչների համար: Դրանք միմյանցից տարբերվում են խիստ տեխնիկական բնութագրերով, բայց միևնույն ժամանակ գնային առաջարկներով: Եվ սպառողը փոփոխություններն ընդունվելուց հետո գազալցակայաններում կունենա տեղեկատվություն, թե ինչ տեսակի վառելիք է օգտագործելու»,-ասաց նա:
Կարծիքներ