Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պնդում է՝ Բելառուսն էլ է մասնակցել սահմանի վրա հարձակման գործողությանը

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պնդում է՝ Բելառուսն էլ է մասնակցել սահմանի վրա հարձակման գործողությանը

Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը պնդում է, որ Բելառուսի զինված կազմավորումները մասնակցել են «ուկրաինական սահմանի վրա հարձակմանը»։

«Մոտավորապես ժամը 05:00-ին (ՀՀ ժամանակով 07:00-ին) Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ տարածքում հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»,- ասվում է սահմանապահ ծառայության հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ ջոկատների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և փոքր զինատեսակների կիրառմամբ։

«Դա տեղի է ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում: Բացի այդ, հարձակումը տեղի է ունենում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքներից: Արձանագրված է նաև հակառակորդի դիվերսիոն և հետախուզական խմբերի աշխատանքը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը տվյալներ է հավաքում վնասվածքներ ստացած սահմանապահների վիճակի մասին:

CNN-ը հայտնում է, որ զինված ուժերը Բելառուսից են հատել Ուկրաինայի հետ սահմանը։ Հեռուստաալիքի ուղիղ եթերում ցուցադրվել են տեսահսկման տեսախցիկներից արված կադրեր, որտեղ զրահամեքենաների շարասյունը շարժվում է մայրուղու երկայնքով, հեռուստաալիքը ձայնագրման վայրը նշանակել է Սենկովկա՝ ուկրաինա-բելառուսական սահմանի անցակետ:

CNN-ի թղթակից Ֆրեդերիկ Պլեյթգենի խոսքով՝ կադրերից անհնար է հասկանալ՝ զրահատեխնիկան պատկանում է Բելառուսի, թե Ռուսաստանի զինված ուժերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում