Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա՝ ընտրելով բարգավաճման ուղին. Ֆրանսիայի նախագահ

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա՝ ընտրելով բարգավաճման ուղին. Ֆրանսիայի նախագահ

«Հայաստանը վստահ քայլերով շարժվում է դեպի Եվրոպա՝ ընդգծելով, որ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա և միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ակնհայտ է ինձ համար այս վերջին երկու օրերի ընթացքում»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են պատմական կապերի և եղբայրության վրա, և ներկայում դրանք մտնում են նոր փուլ։

«Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության և անսասան եղբայրության հիմքով, և այս հարաբերությունները այժմ նոր շրջադարձ են ապրում: Իմ վերջին 2018 թվականի այցից ի վեր Հայաստանն անցել է զգալի ճանապարհ՝ հաղթահարելով պատերազմի հետևանքները և անցնելով դեպի խաղաղության, զարգացման փուլ:

Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճում»,- նշել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը գրանցել է շուրջ 6 տոկոս միջին տարեկան աճ։

Մակրոնն ընդգծել է, որ վերջին օրերին Երևանում անցկացված միջազգային միջոցառումները վկայում են Հայաստանի եվրոպական ուղղության մասին։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացումը՝ ընդգծելով ներդրումների, ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ եվրոպական ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավելացնել ներդրումները, խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում և առաջ տանել վիզաների ազատականացման գործընթացը։ Մակրոնը նշել է, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերությունները զգալիորեն զարգացել են՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում