ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն
Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի Շրջանային Վարչությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով տարածվող լուրերն այն մասին, թե իբր Ռամկավար կուսակցությունը ևս միացել է ՀՅԴ-ին և պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կուսակցությունից նաև խնդրում են քաղաքացիներին՝ այս ապատեղեկատվության զոհը չդառնալ և չտարածել նման տեղեկատվություն:
ՌԱԿ հայտարարությունն ամբողջությամբ, առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.
Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային վարչութիւնը իր 5 Ապրիլ 2022 թուակիր հաղորդագրութեան մէջ հաստատած էր, թէ նեցուկ պիտի կանգնի հայ ազգային կուսակցութիւններու թեկնածուներուն: Հաւատարիմ իր խոստումին, Ռ.Ա.Կ. կատարեց իր պարտականութիւնը եւ նեցուկ կանգնեցաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան թեկնածուին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան թեկնածուներուն, մեկնելով տեղական պայմաններէ:
Դժբախտար Ռ.Ա.Կ.-ի այս ազնիւ կեցուածքը շահագործուեցաւ կուսակցութիւնը պառակտելու ձգտող փողոցայիններու խմբակի մը պարագլուխին կողմէ, որուն ինքնութիւնը յայտնի է մեզի, եւ որ Հայաստանի մէջ իր ունեցած լծակները գործածելով ապատեղեկատուութիւն տարածեց, թէ արտերկրի Ռամկավար Ազատական Կուսակցութեան կառոյցը դէմ է վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարչակազմին: Այս լուրը կը պատկանի քաղաքականութեան ազնիւ ասպարէզը մթագնող եւ մութ ուժերու ծառայող ու Կուսակցութիւնը շահագործող ապօրինի ուժերու ապատեղեկատուութեան դասակարգին:
Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային վարչութիւնը այսու կը յայտարարէ, թէ այսպիսի ապօրինի գործունէութեան վատաբարոյ եւ յերիւրածոյ վերագրումով կարելի չէ պատմական դեր ունեցող Կուսակցութեան մը վարկը նսեմացնել: Այս ուժերը ուշ թէ կանուխ յուսախաբ պիտի ըլլան, որովհետեւ իրենց դիմաց պիտի գտնեն ազատականութեան հաւատացող եւ ի հակադրութիւն իրենց՝ հայրենիքը չծախող հայրենասէր մարդիկ։ Մեր ազնիւ ժողովուրդի զաւակներէն կը խնդրուի այս ապատեղեկատուութեան զոհ չդառնալ:
Իսկ ինչ կը վերաբերի իր արժանապատուութիւնը «երկու փարայով» ծախող լրատուամիջոցին, ստապատիր այս «լուր»ը հրատարակելով ո՛չ միայն ապացուցած եղաւ ինչքան խայտառակ ու աննկարագիր, այլ նաեւ՝ ծայր աստիճան անմակարդակ ըլլալը։ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը հայ ազգի վերլքին հաւատացող ու անոր համար աշխատող կուսակցութիւն եղած է միշտ ու այդ ուղիէն բնաւ պիտի չշեղի:
Կարծիքներ